Խաղաղ ավտոերթով Հակարիի կամուրջ գնալու ակցիան թատերական ներկայացում է, որի նպատակն է ցույց տալ, թե Արցախում հակառուսական տրամադրություններ կան, ինչն իրականությանը չի համապատասխանում: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով Բերձորի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման կազմակերպած ակցիային, որի նպատակն էր ավտոերթով գնալ Հակարիի կամուրջ:
«Համոզված եմ, որ իրենք հաջողության չեն հասնելու այս գործընթացում, բայց սրանով փորձելու են եւս մեկ անգամ թիրախավորել ռուս խաղաղապահներին, փորձելու են ցույց տալ, որ Արցախում վառելիքի խնդիր չկա, փորձելու են ցույց տալ, որ արցախցիները պատրաստ են Ադրբեջանի հետ ինտեգրմանը: Հակաարցախյան գոծողություններ անելով նրանք փորձում են հաճոյանալ Հայաստանի իշխանություններին, որոնց կողմից էլ կառավարվում են, իսկ Արցախի իշխանությունների կողմից որեւէ վերաբերմունքի չեն արժանանում, հետեւաբար Արցախի իշխանությունները թեւ ու թիկունք են այդ մարդկանց: Համոզված եմ, որ որեւէ գործողություն չի լինելու, բայց այն շոուն, ինչի համար կազմակերպել են այս ակցիան, ցավոք, կարծես հաջողվել է»,- ասաց Արցախի ընդդիմադիր պատգամավորը: